Իջևանում գեղեցիկ աշուն էր` թեթև խոնավություն կար օդում ու հանգիստ, խաղաղ արև` ոչինչ չպարտադրող: Մինչ տեղ հասնելը լսում էի երթուղային միկրոավտոբուսի ուղևորների խոսակցությունը: Նրանք քննարկում էին անցած շաբաթվա հայաստանյան իրադարձությունները, իսկ գործազրկության նպաստների վերացումը շատերի համար ցավոտ թեմա էր: Մարդիկ դժգոհ էին: Նրանք խոսում էին, հայհոյում, անիծում: Իշխանություններին: Բարկացած կինը, ով բավականին հնամաշ էր հագնված, ասում էր. «Էդ մի հույսից էլ կտրեցին, վերջը՞: Վերջն էլ էն ա` սաղ Իջևանը տյուս տյառած քնըմ ա Ռուսաստան: Դե որ մտնըմ ենք Ռուսաստանի կազմի մեջ, ի՞նչ տարբերություն, որդեղ ենք ապրըմ, քնյանք պրծնենք, գոնե ընդի երեխեքը սոված չեն ըլի»: Փորձ չարեցի հակառակը պնդել: Չգիտեի ինչ ասեմ, ու լսող էլ չէր լինի, քանի որ զրույցի մասնակիցները` մի հինգ-վեց հոգի, առարկություն չընդունող տոնով եզարահանգումներ էին անում: Նույն տրամադրությունն էր Իջևանում: Մարդիկ հիասթափված են, բոլորից ու ամեն ինչից` իշխանությունից, ընդդիմությունից, խոստումներից ու օրենքներից: Մարդիկ ապրել են ուզում ու չեն կարողանում: Ամենապարզ բանը` ապրել, ոչ թե գոյություն քարշ տալ, ինչպես անում են հիմա: Այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ասել է, թե գործազրկության նպաստների վերացումը տեղին է համարում, բայց իշխող կուսակցության պատգամավորը չի պարզաբանել, թե արդյո՞ք տեղին է համարում այն, որ, շատերի համար փրկության օղակ հանդիսացած 18 հազար դրամը վերացնելով, մարդիկ կարող են հուսահատ քայլերի դիմել: Ավետիսյանը նշել է, թե այդ նպաստ ստացողների 94 տոկոսը աղքատության շեմից բարձր է և նրանք այդ գումարների իրական հասցեատերերը չեն եղել: Է՜հ, թող լինեին: Եթե կառավարությունը չի կարողանում գումարը հասցնել կարիքավորին, դրա համար ո՞վ է մեղավոր: Հաստատ ոչ նպաստառուն, նույնիսկ եթե նա իրական նպաստառու չէ: Այսօր նաև խոսել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և հայտարարել, թե Հայաստանում աղքատությունը կնվազի: Նախարարը նույնպես չի պարզաբանել, թե աղքատությունը ինչպես է նվազելու, արդյո՞ք այն հազար-երկու հազար դրամի շնորհիվ, որը ստանալու են թոշակառուները որպես կենսաթոշակի բարձրացում: Հայաստանում այսօր արդեն արտագաղթում են աղքատները, չունևորները, նրանք փախչում են հենց աղքատությունից, նրանք փախչում են առանց հետ նայելու, նրանք պատրաստ են ամեն ինչի, միայն թե իրենց երեխաները մի փոր կուշտ հաց ուտեն, դպրոցում հագնելիք ունենան ու մեկ էլ իմանան, որ միրգը միայն իրենց այգու կարկտահարված խնձորը չի:
Իջևանում արդեն տաքսու վարորդին հարցրեցի, թե շա՞տ են գնում Ռուսաստան: «Վայ, քիրա ջան, մըթամ մարդ ա՞ մնալ», -ասաց վաթսունն անց տղամարդը, ում երկու երեխաները ընտանիքներով վաղուց Ռուսատանում են: Իրականում Իջևանը այլևս այն Իջևանը չէ, նունիսկ գույնզգույն աշունը տխուր է, քան երբևէ:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ